Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի առաջին քրիստոնյա պետության խորհրդանիշներն ու առասպելները

Աշխարհի առաջին քրիստոնյա պետության խորհրդանիշներն ու առասպելները
08.01.2018 | 07:39

Ամանդա ՊՐՈԵՆՍԱ ՍԱՆԹՈՍ, BBC Travel

Այս երկիրը քրիստոնեությունն ընդունել է պետական կրոն 4-րդ դարում` 301-ին: Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական հնագույն եկեղեցիներից է, որ տարբերվում է բյուզանդական ուղղափառից ու հռոմեական կաթոլիկից: Սուրբ ծնունդն այստեղ նշում են հունվարի 6-ին:


Քրիստոնեության ապրող պատմություն
Հայաստանը փոքր երկիր է Անդրկովկասում, բնակչությունը` մոտ 3 միլիոն: Բայց Հայաստանի դերը աշխարհի հոգևոր պատմության մեջ դժվար է գերագնահատել: Պատմությունը հաստատում է, որ 301-ին Հայաստանն առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն: Իրենց եկեղեցու հիմնադիրներ Հայաստանում համարում են սուրբ Թադեոսին ու Բարդուղիմեոսին (նրանք քարոզել են Հայաստանում ու տանջամահ արվել): Այսօր հայերի 95 %-ը քրիստոնյա է ու կրոնական պատմությունն ապրում է հինավուրց հուշարձաններում:


Հոգևոր հովիվը
Առասպելի համաձայն` Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսը եղել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ քրիստոնյա է դարձրել Տրդատ 3-րդ թագավորին, նա էլ քրիստոնեությունը պետական կրոն է ընդունել: Գրիգոր Լուսավորիչը պարթև Անակի որդին էր, որ սպանել է հայոց Խոսրով թագավորին ու սպանվել` արքայասպանության համար: Նրա ողջ ընտանիքը սպանվել է` բացի կրտսեր որդի Գրիգորից: Կապադովկիայում տղան մկրտվել է ու ստացել քրիստոնեական դաստիարակություն: Արդեն հասուն տարիքում` նա մեկնել է Հռոմ ու ծառայության է անցել Խոսրովի որդի Տրդատի մոտ (հետագայում` Տրդատ 3-րդին)` հոր մեղքերը քավելու հույսով: 287-ին Տրդատը Հռոմի լեգեոնների օգնությամբ վերադարձրել է հոր գահը Հայաստանում, իսկ Գրիգորին` քրիստոնեություն դավանելու պատճառով, հրամայել է բանտարկել: 13 տարի նա չի հրաժարվել իր հավատից: Այդպես կարող էր երկար շարունակվել, բայց Տրդատը հիվանդացել է (ասում են` գժվել է), և առասպելը վկայում է, որ Գրիգորը նրան բուժել է: Արքան մկրտվել է ու քրիստոնեությունը հռչակել պետական կրոն Հայաստանում:


Հինավուրց անցյալի հետքերը
Գառնու տաճարը Երևանից 28 կիլոմետր է հեռու, Ազատ գետի ափին, կառուցվել է հեթանոսական ժամանակներում, մեր թվարկության առաջին դարում, Տրդատ 1-ինի ժամանակ և նվիրված է արևի աստծուն: Երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, հեթանոսական շատ տաճարներ քանդվեցին, բայց Գառնին պահպանվեց և նույնիսկ վերակառուցվեց Տրդատ 3-րդի ժամանակ: Այսօր Գառնին Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից է, պատմական համալիրում ամեն տարի 136 000 զբոսաշրջիկ է լինում:


Սուրբ Գայանեի եկեղեցին
Երևանից արևելք Վաղարշապատն է` երկրի կարևոր մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկը, հոգևոր մայրաքաղաքը: Այստեղ է Էջմիածնի եկեղեցին, որի կառուցման տեղը Հիսուսն է մատնանշել: Այստեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը: Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է 630-ին և հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է: Եկեղեցին կառուցվել է սուրբ Գայանեի նահատակության վայրում: Նրան սպանելու հրաման է տվել նույն Տրդատ 3-րդը` դեռ քրիստոնեություն ընդունելուց առաջ: Հայ առաքելական եկեղեցին Գայանեին սրբացրել է ու եկեղեցում է նրա գերեզմանը: Եկեղեցին դարձել է հայ բարձրագույն հոգևորականների պանթեոն:


Նախկին ստորգետնյա բանտը
Խոր վիրապը եկեղեցական համալիր է` Արարատի ստորոտին: Հենց այստեղ է Տրդատ 3-րդը բանտել Գրիգոր Լուսավորչին: Խոր վիրապի մատուռը կառուցվել է 642-ին` ստորգետնյա բանտի վրա, որտեղ փակվել էր Գրիգորը: 1662-ին ի հիշատակ սրբի` կառուցվել է սուրբ Գրիգորի ավելի մեծ մատուռ ու եկեղեցի: Խոր վիրապում հիմա հաճախ են կնքվում կամ պսակադրվում:
Գառնիից հյուսիս-արևելք, Գողթ գետի կիրճում, Գեղարդի վանական համալիրն է, որ նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է: Համալիրը կառուցվել է 4-րդ դարում` քարանձավում գտնվող սուրբ աղբյուրի վրա ու սկզբում կոչվել է Այրիվանք: Ավանդույթի համաձայն` Գեղարդը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը: Նախնական շինությունից համարյա ոչինչ չի պահպանվել, 9-րդ դարում եկեղեցին ավերել են արաբները, 13-րդ դարում հայերը նորից են կառուցել: Ներկա անվանումը կապվում է սուրբ Գեղարդի հետ: Հռոմեացի տասնապետ Լոնգինի գեղարդի, որով նա խոցել է խաչի վրա գտնվող Հիսուսի մարմինը: Ասում են, որ գեղարդը Հայաստան է բերել Թադեոս առաքյալը (Գեղարդը հիմա Սուրբ Էջմիածնի թանգարանում է, իսկ մինչ այդ 500 տարի պահվել է Գեղարդի վանքում):


Զորաց եկեղեցի
Սուրբ Զորաց եկեղեցին Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում կառուցվել է 14-րդ դարում, երբ երկիրը մոնղոլների տիրապետության տակ էր ու պատերազմում էր սիրիացի մամլյուկների հետ: Եկեղեցին եզակի է` չունի աղոթատեղի դահլիճ, փոխարենը մեծ հրապարակ է` բաց երկնքի տակ: Համարվում է, որ եկեղեցին ծառայել է այդ ժամանակ տարածքում տեղակայված բանակի ծեսերին: Խորանը ձիու վրա նստած հեծյալի մակարդակի բարձրության վրա է, որ զինվորները ձիուց չիջնելով` օրհնություն ստանալուց հետո գնան կռվի:


Հոգու փրկության խորհրդանիշներ
Խաչքարը համարվել է հոգու փրկության խորհրդանիշ` թե հանգուցյալների, թե ողջերի: Հայաստանի տարածքում հազարավոր խաչքարեր կան` յուրաքանչյուրն անկրկնելի նախշազարդերով: Խաչքար սկսել են հատել 9-րդ դարից` հաճախ նախկին հեթանոսական մեհյանների տեղում` իբրև նոր հավատի խորհրդանիշ: Այսօր խաչքարի ստեղծման արվեստը ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության: Ժամանակակից Հայաստանի տարածքում (և ամենամեծն աշխարհում) Նորատուսի գերեզմանոցի խաչքարերն են` 800-ից ավելի, մեծ մասը` 13-17-րդ դարերի, իսկ ամենահինը` 5-րդ:


Սթոունհենջի եղբայրակիցը
Քարահունջի հինավուրց մեգալիտիկ համալիրը, որ գտնվում է Սյունիքի մարզի, ծովի մակերևույթից 1770 մետր բարձրության վրա լեռնային հարթավայրում, տարիքով ու արտաքին տեսքով լիովին կարելի է համեմատել Սթոունհենջի հետ: Պատմամշակութային արգելոցը տարածվում է 7 հեկտարի վրա և կազմված է դամբարաններից, 45 մետր տրամագծով կենտրոնական օղակից ու մեգալիտների` կանգնած մեծ քարերի շարքից, որոնց 1/3-ը իրենց վերևի մասում կլոր անցքեր ունեն: Տարիքի վերաբերյալ գնահատականները տարբեր են` որոշ մասնագետներ պնդում են, որ քարերը 7000 տարվա պատմություն ունեն: Քարահունջը 223 բազալտի քարերն են` 1,5-2,8 մետր բարձրությամբ և 8,5 տոննա կշռով: Պատմաբանները հակված են համարել, որ նախապատմական մարդկանց համար Քարահունջը դամբարանատեղի է եղել: Որոշ գիտնականներ կարծում են, որ Քարահունջն աշխարհի ամենահին աստղադիտարանն է, բայց աներկբա ապացույցներ չկան: Գուցե տարբեր ժամանակներում Քարահունջը օգտագործվել է տարբեր նպատակներով` արոտավայրից մինչև գերեզմանադաշտ:

Հ.Գ. Ճանաչեցի՞ք ձեր հայրենիքը օտարի աչքով: Կհարցնեք` իսկ Սևա՞նը: Զվարթնո՞ցը: Հաղարծի՞նը: Սաղմոսավա՞նքը: Հիշեք անեկդոտը: Ի՞նչ է տեսնում զբոսաշրջիկը Հայաստանում: Գառնի-Գեղարդ-Էջմիածին: Մնացածը հաջորդ այցին: Բայց տեսածը լավ է տեսել: Հատկապես Գեղարդն ու գեղարդը, որ ամբողջ աշխարհի տիրակալները որոնել են` անմահ ու անհաղթ լինելու համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ